որոնում

Հղումներ

բաժանորդ

Ապագան ձեր ձեռքերում է

Նորություններ


ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ԱՐՑԱԽԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԷԼ ՇՈՒՏ Է ԱՆԿԱԽԱՑԵԼ»

Արցախը Ադրբեջանից էլ շուտ է անկախացել և երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: Այսպիսի հայտարարություն արեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 28-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ամառային դպրոցի ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ: «Արարատ» կենտրոնը հուլիսի 1-ից Երևանում կազմակերպեց «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» խորագրով մեկամսյա դասընթացներ, որոնց մասնակցեց տարբեր բուհերի 25 ուսանող: Դասընթացներին քննարկվեցին հետևյալ թեմաները. Հայկական հարց, Արցախյան հիմնախնդիր, մերօրյա հակամարտությունները և աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, ազգային ինքնության և ազգայնականության հարցեր, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ, հոգեբանական-տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, համացանցում անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ և այլն:

Ամառային դպրոցի ուսանողների հետ հանդիպմանն անդրադառնալով արցախյան գոյապայքարի ժամանակ հայկական ուժերի ազատագրած յոթ շրջանների նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին` Պաշտպանության նախարարը նշեց. «Ադրբեջանի հավակնությունները շատ մեծ են: Միշտ էլ մեծ են եղել: Բայց միշտ չի եղել, որ իրենց հավակնությունները համապատասխանել են մեր նպատակներին, մեր խնդիրներին: Ես միշտ էլ ասում եմ, որ հայ ժողովուրդը և Հայաստանը, Արցախը միշտ էլ մարտնչելու է յուրաքանչյուր թիզ հողի համար և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի դեպքում միշտ պետք է արժանի հակահարված տա և այն բնագծերը, որոնք այսօր գոյություն ունեն, պաշտպանի մինչև վերջ»:

Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ յոթ շրջաններն ազատագրվել են ոչ ինքնանպատակ, այլ որպեսզի անվտանգության գոտի ստեղծեն Արցախի շուրջ, և արցախահայությունը հեռու լինի մարտական գործողություններից:

«Այստեղ Գարեգին Նժդեհի խոսքերը կարող եմ ասել. «Հայրենիքս ես եմ, ընտանիքս, ազգս, մայրենիս և այն տարածքները, որ կհասցնեն իմ զենքի փառքը»: Այդ տարածքները պահպանվելու են այնքան ժամանակ, մինչև Արցախի հարցը իր վերջնական լուծումը չստանա: Այսօր Ադրբեջանն ասում է. «Մենք ուժի միջոցով ենք լուծելու Արցախի հարցը»: Ուժի միջոցով Արցախի հարցը լուծված է»,- նշեց Պաշտպանության նախարարը` հավելելով, որ այժմ խնդիրը պետք է դիվանագիտորեն իր վերջնական լուծումը ստանա:

Ամառային դպրոցի ուսանողներին հետաքրքրում էին տարբեր խնդիրներ, մասնավորապես Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի վարած տեղեկատվական-հոգեբանական պատերազմները: Ուսանողներն ընդգծեցին, որ տեղեկատվական պատերազմներում Հայաստանի դրսևորած կրավորականությունը բացասաբար է ազդում հայ հանրության վրա, իսկ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, այսպես ասած, «ոգևորում են» ադրբեջանցիներին: Նախարարը համաձայնեց ուսանողների հետ, որ «այդ համակարգում մենք կաղում ենք», և ագրեսորը, որը լայնածավալ հարձակումներ սկսեց Արցախի դեմ, այսօր Հայաստանին է որպես ագրեսոր ներկայացնում: Միաժամանակ նա ասաց. «Ճիշտ է` մենք քիչ ենք պատասխանում: Հիմնականում պատասխանում ենք իրենց այն հարցերին, որոնք ծանր նշանակություն ունեն, առաջին հերթին այն նկատառումով, որ խոսքով չէ, որ մարդ պետք է ապացուցի կռվելուն իր պատրաստ լինելը, դա պատերազմի դաշտում կպարզվի»:

Սեյրան Օհանյանի խոսքերով Ադրբեջանը նման ագրեսիվ հայտարարություններ անում է` սկսած 1988թ.-ից: Այն ժամանակ ևս ադրբեջանական ուժերը քանակային առումով առավելություն ունեին հայկական ուժերի նկատմամբ, սակայն փաստ է, որ հայ ժողովուրդը համախմբվեց և հաղթեց ազատագրական պատերազմում:

«Իրենց այդ հայտարարությունները իհարկե մեզ էլ են մտահոգում: Մենք էլ ենք համապատասխան աշխատանք կատարում, որպեսզի բանակը լինի մարտունակ և համալրված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, իհարկե ոչ այն տեմպերով, որոնք իրենք ունեն: Ես ասել էի, որ դա մի կողմից էլ մեզ ավելի է ոգևորում այն առումով, որ պետք է համախմբված լինենք և իրենց յուրաքանչյուր այդ քանակական տվյալներին դիմագրավենք մեր որակական չափանիշներով»,- ասաց Պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով տեղեկատվական անվտանգության ոլորտում կատարվող աշխատանքներին` նա նաև տեղեկացրեց, որ մշակվել է բանակին վերաբերող հայեցակարգ, որը պետք է մաս կազմի պետության մեջ գործող ընդհանուր տեղեկատվական համակարգի հայեցակարգին, ինչպես նաև պետք է լուրջ աշխատանք կատարել տեղեկատվական համակարգում գործող համապատասխան կառույց ստեղծելու ուղղությամբ:



Սոնա Ավագյան
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
ամառային դպրոցի ուսանող

Ապագա ծրագրեր

Ամառային դպրոցը ձեզ տալիս է հնարավորություն նորովի մոտենալ գիտելիք ստանալու գործընթացին, այն դարձնելով հետաքրքիր, իմաստալից ու արդյունավետ: Մասնակցեք մեր նոր ընդունելություններին:

մանրամասն

ԼՐԱՀՈՍ


Ուսանողները մեղավոր չեն

Ամառային Դպրոց 2008

Երեկոյան դպրոցի ավարտական վկայականների հանձնում

Ամառային դպրոցի ավարտական վկայականների հանձնումը

Նրանք գրում են...

Լուսանկարներ Դպրոցի այցերից - 2

Լուսանկարներ Դպրոցի այցերից - 1

Երեկոյան Դպրոցի ընդունելությունը

Ղարաբաղի անկախության այլընտրանք

Ազգայինի գիտակցում

Հայտնագործություն

Եզրափակում

Нагорный Карабах посетили будущие политологи

Երկիր Մեդիա

Ուսանողների հանդիպումը ՊՆ Ս. Օհանյանի հետ

Արցախը Ադրբեջանից էլ շուտ է անկախացել

Ararat Center Launches Summer Program

Դիմումները ընդունվեցին

ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ

Ամառային Դպրոց - 2008