| Նրանք գրում են… | 5.12.2008. Բաժին. Արձագանք. |
Ներկայացնում ենք մեր ուսանողների կարծիքները
«Ես շատ ուրախ եմ, որ ընտրվեցի ամառային դպրոցի ուսանող:Այսպիսի դպրոց ստեղծելու գաղափարը հիանալի է, և շատ գովելի կլինի, եթե դպրոցը դառնա մշտական, և մեզանից բացի այլ երիտասարդներ ևս հնարավորություն ունենան մասնակցել և նոր գիտելիքներ ձեռք բերել:
… Դպրոցի դասընթացների թեմաները շատ հետաքրքիր են և արդիական: Օրինակ` երաժշտության, ճարտարապետության, կովկասյան ազգությունների, հայոց ինքնության մասին դասախոսություններն անձամբ ինձ համար շատ ուսուցողական էին, և վստահ եմ, որ դրանց շուրջ լրացուցիչ դասախոսություններ կարելի է նորից ու նորից ունկնդրել»:
Օլյա Յորդանյան

«Այսօր մեր հայրենիքը դեռևս ամբողջությամբ ազատագրված չէ, այսօր մեր հասարակությունը գտնվում է բարոյահոգեբանական ծանր վիճակում, այսօր Ազատ, Անկախ ՀԱՅԱՍՏԱՆՆ ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք կարգավորելու համար պետք է որակյալ մասնագետների բանակ… Հասկանալով ծրագրի լրջությունը, կարևորությունն ու նպատակները, շտապեցի դիմել»:
… Դպրոցը կարելի է ասել փոխեց իմ կյանքը: …Ամեն օր հանդիպում էի այլ կերպ մտածող մարդկանց ու շփվում նրանց հետ, անընդհատ առաջանում էին հարցեր, որոնց պատասխանները չէի կարողանում գտնել… Ամենից շատ ինձ դուր էր գալիս մեր դպրոցի խստությունն ու գաղափարական ուղղվածությունը… Դպրոցի դասերի ժամանակ ցանկանում էի ոչ մի բան բաց չթողնել, շուտ հասնել ու չբացակայել:
… Կազմակերպիչներն ու դասախոսական անձնակազմի յուրաքանչյուր ներկայացուցիչ, բացի գիտելիքից, մեզ փոխանցում էր նաև դրական լիցքեր, փորձ, պայքարելու ու սեփական նպատակին հասնելու ցանկություն… Մասնագետներն ու հատկապես նրանցից յուրաքանչյուրի ինքնատիպ լինելը ամենից շատ ինձ դուր եկավ: Ծրագիրը բավական բովանդակալից ու հետաքրքիր էր կազմված: Երբեք չէի մտածել, թե որքան նրբություններ ունի մեր երաժշտարվեստը, ճարտարագիտությունը, ինքնությունը:
… Ստացած գիտելիքների և ձեռք բերված փորձի մասին խոսելիս` կարող եմ ուղղակի նշել, որ սրանից լավ հաստատ լինել չէր կարող… Տեղեկատվությունն այնքան բազմաբևեռ ու շատ էր, որ մինչև այժմ դեռ նյութեր կան, որոնք չեմ հասցրել ընթերցել:
Անձամբ ինձ համար այս մեկամսյա դասընթացները, ֆորումը, ապա` ԼՂՀ կատարած մեր այցը հոյակապ հնարավորություն էին մի փոքր ավելի հասունանալու, հաստատակամ դառնալու, համառ ու համարձակ դառնալու, և ամենակարևորը` երբեք չհանձնվելու համար»:
Ռուզան Հարությունյան
«Հիմա, երբ ավելի հեշտ է հետ նայելն ու այդ ժամանակահատվածը վերլուծելը, հասկանում եմ, որ դպրոցն ինձ վերադարձրեց հայրենասիրությունս… Հայրենիքի մասին հսկայական բացասական տեղեկատվությունը, որ լսում ես ամենուր, պարզապես «թույլ է տալիս, որ երես թեքես հայրենիքից ու հանգիստ խղճով ապրես»… Դե, ավելի հեշտ է ասել` «Ի՞նչ է ինձ տվել հայրենիքը», քան «Իսկ ի՞նչ եմ արել ես հայրենիքի համարե հարցին պատասխանելը… Հիմա բավարար գիտելիքներ ունեմ Հայաստանին վերաբերող կարևորագույն խնդիրներն ավելի լուրջ քննարկելու և դրանց էությունը ոչ միայն այլազգի, այլև հայ ընկերներիս բացատրելու համար: Ու կարծես` ստացվում է դա ինձ մոտ»:
Աստղիկ Կարապետյան

«Շատերը կասեն` սովորական ամառային դպրոց է, էլի, սակայն «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կազմակերպած ամառային դպրոցն ունի իր ուրույն տեղը մնացած բոլոր դպրոցների շարքում… Շատ սեղմ ժամկետում ստացա այնքան տեղեկատվություն, ինչ չէի հասցրել դպրոցական 10 տարիների ու նույնիսկ` համալսարանական տարիների ընթացքում… Ըստ իս` ոչ ոք չի զղջա նման դասընթացներին մասնակցելու համար։
… Կան շատ երիտասարդներ և մեծահասակներ, որոնք լավ չեն ըմբռնում մեր պետության (որի մի մասնիկը նաև իրենք են) առաջնային լուրջ խնդիրները։ Դասընթացի շնորհիվ ես կարողանում եմ այժմ ճիշտ կողմնորոշվել շատ հարցերում»։
Արշակ Ծառուկյան

«Արարատ կենտրոնի ամառային դպրոցն, ամենից առաջ, ինձ տվեց ոգևորված հավատ, հայրենասիրության նոր, ավելի բարձր, գիտակցված մակարդակ: Սովորեցի գաղափարական հակառակորդի հետ խոսել փաստարկված և ուժեղի կեցվածքով… Ի վերջո գալիս եմ եզրակացության, որ հայրենիքի և սեփական պետության մասին խոսելիս, միայն հպարտությունը պետք է ուղեկից լինի:
… Եթե ավելի վաղ տեղեկատվական պատերազմներից գաղափար կազմում էի սիրողական մակարդակով, ապա այժմ պատկերացումներս փաստարկված են ու հիմնավորված, ինչի համար պարտական եմ ամառային դպրոցին… Հոգեբանական և քարոզչական պատերազմների, ինչպես նաև հայկական հարցի դեմ քարոզչական թեզերի ու մեխանիզմների մասին դասախոսությունները հնարավորություն տվեցին ինքնուրույն մշակել և գործնականում իրականացնել քարոզչական ճակատի սեփական հատվածի պաշտպանությունը:
… Հիմա մարդկանց հետ բանավիճելիս հաճախ եմ վկայակոչում «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ուսումնասիրությունները, Արմեն Այվազյանի տեսակետներն ու հետազոտությունները, սկզբունքային պայքարը հակահայկական քարոզչության դեմ… Պետք է ասեմ, որ մեր հայրենակիցներին հատկապես շատ է ոգևորում հայ ռազմիկի վարքականոնի գոյության փաստն ու հայ լինելու հիմնական սկզբունքները»:
Նաիրի Հոխիկյան

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ամառային դպրոցն ինձ առաջին հերթին սովորեցրեց ցանկացած խնդիր` թե՛ տարածաշրջանային, թե՛ ավելի լայն մասշտաբներ ունեցող, դիտարկել` որպես ելակետ ունենալով Հայաստանը:
… Ամառային դպրոցի շրջանակներում ուսումնասիրեցինք մի շարք առարկաներ, որոնք բոլորն էլ միտված էին ուսանողների մեջ Հայաստանի պատմության, դերի, նպատակների, հայ ժողովրդի ազգային դիմագծի վերաբերյալ ճիշտ համոզմունքներ ձևավորելուն և թշնամական թեզերի առատության մեջ ճիշտ կողմնորոշվել սովորեցնելուն:
… Ամառային դպրոցի տված գիտելիքների շարքում հատկապես կարևորում եմ 1991-1994թթ. Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրված յոթ շրջանների կենսական նշանակությանը նվիրված դասախոսությունները: Դասախոսներն ընդգծեցին, թե ազատագրված տարածքներն ինչ ահռելի նշանակություն ունեն Արցախի, ՀՀ-ի անվտանգության, անգամ` գոյության, հետևաբար և հայ ժողովրդի գոյության համար:
… Շնորհակալություն եմ հայտնում «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին և բոլոր դասախոսներին մեզ անշահախնդրորեն այսքան գիտելիքներ հաղորդելու համար: Ցավոք, ամառային դպրոցի շրջանակներում արծարծված խիստ կարևոր խնդիրները հաճախ չեն լուսաբանվում զանգվածային լրատվամիջոցների, հատկապես ամենաազդեցիկ հեռուստատեսության կողմից: Երիտասարդությանը նման գաղափարներով զինելը և նրա մեջ արտաքին, հաճախ` թշնամական գաղափարների դեմ դիմադրողականություն ձևավորելը առաջին հերթին պետական կառույցների գործն է: Եվ այս տեսանկյունից ցանկալի կլիներ, եթե Հայաստանի պետությունն աջակցեր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին` դասընթացները շարունակական դարձնելու գործում, ինչպես նաև` կենտրոնի հայանպաստ այլ նախաձեռնություններում»:
Սոնա Ավագյան

«Սա ինձ համար մի շատ էական փուլ և ձեռքբերում էր, գիտելիքների մի հսկայական պաշար, որն ինձ համար հետագայում մեծ կողմնորոշիչ կդառնա: … Թեմաների բովանդակությունը արդիական էր և տրամաբանորեն կառուցված: Նյութը մատուցվում էր մատչելի: Այդ առումով իմ սպասելիքներն արդարացան: … Մի քիչ տխրեցնում էր ժամանակի սղությունը: …. Մեկ անգամ ևս շնորհակալություն Ա.Այվազյանին և մյուս բոլոր դասախոսներին և կազմակերպիչներին: Միշտ պատրաստ եմ հարկ եղած պահին օգտակար լինելու, համագործակցելու և ուժերիս ներածին չափով աջակցելու»:
Նելլի Հարությունյան

«Հայրենասիրության մեծ չափաբաժին ստացանք, որը նաև լավ հակավիրուս կլինի ընդդեմ ապազգայնության: Ցավոք, ժամանակակից Հայաստանի առանձնահատկություններից մեկն այն է, որ ապազգային շունչը տարածված է ամենուր` երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, ռադիոյի, նորաձևության, ճարտարապետության և այլ բնագավառներում: Այս ամենը բերում է նրան, որ մի քիչ ազգային, ավանդական մտածելակերպ ունեցող մարդը հայտնվում է ճնշված, մեկուսացված վիճակում և կանգնում է, եռընտրանքի առջև` կա՛մ հիասթափվել ու հեռանալ, կա՛մ փոխել հայացքներն ու մտածելակերպը և համակերպվել, կա՛մ էլ ամեն րոպե նյարդայնայնալով պայքարել: Դպրոցն իմ մեջ ամրացրեց մնալու և պայքարելու պատրաստակամությունս: Տվեց մի միջավայր, որտեղ կարիք չկար ո՛չ նյարդայնալու, ո՛չ փոխվելու, ոչ էլ հիասթափվելու, և նույնիսկ հակառակը` երկար ժամանակով ամրապնդեց ազգային հայացքներն ու մտածելակերպը: Բացի այդ, օգնեց ուրվագծել այն ճանապարհը, որով պետք է գործել»:
Վահրամ Միրաքյան
